Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Լեռնային Ղարաբաղ՝ հետվիեննական սինդրոմ

Լեռնային Ղարաբաղ՝ հետվիեննական սինդրոմ
23.05.2016 | 11:39

Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների միջնորդությամբ և ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ոչ միայն պետք է վերսկսեր բանակցային գործընթացը, այլև որոշակի փոփոխություններ աներ այդ գործընթացում: Դա ուղղակի հետևում է Վիեննայում Բաքվի ու Երևանի ստանձնած՝ 1994−1995-ի զինադադարի համաձայնագրին հետևելու պարտավորությունից: Կողմերը պաշտոնապես հավաստեցին, որ պատրաստ են աշխատել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման վրա, որ այս դեպքում, այսպես կոչված ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, առաջին և գլխավոր պայմանն է, որ որոշում է իրադարձությունների հետագա ընթացքը:


ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հանձնարարվել է աշխատել այդ հանձնարարության վրա: 1995-ից հետո առաջին անգամ ընդունվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի առաջարկը՝ ուժեղացնել մոնիտորինգի առաքելությունը կոնֆլիկտի գոտում: ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա քայլերի հաջորդականությունը Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի գծով նախկին օգնական Մեթյու Բրայզայի կարծիքով պիտի լիներ՝ զինադադարի ռեժիմի ամրապնդում ինչ-որ «տեխնիկական համաձայնագրով», որից հետո անցում համապարփակ կարգավորման քննարկումների ակտիվացման, որը պետք է հենվի «Մադրիդյան սկզբունքներին», քանի որ կոնֆլիկտի կողմերը այդ սկզբունքներից չեն հրաժարվել: Ավելին՝ ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովի խոսքով՝ բանակցությունների որոշակի փուլից՝ «օրինակ՝ շրջանակային համաձայնության ձեռքբերումից հետո», կմիանա Ստեփանակերտը: Որ այս մեկնաբանությունը ենթադրությունների հետևանք չէ, վկայում են պաշտոնական հայտարարությունները: Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ «աջակցում է տարբեր միջոցառումների անցկացման, միջադեպերի հետաքննության, «ճանապարհային քարտեզի» ծրագրման առաջարկները՝ համակողմանի խաղաղ բանակցությունների, առաջիկայում նախագահների երկրորդ հանդիպման համար»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում բանակցություններից հետո ցանկություն հայտնեց, որ վերահսկողության մեխանիզմները ներդրվեն երկու նախագահների հանդիպումից առաջ, որ հունիսի վերջին է նախատսվում: Դա կարևոր նյուանս է, որ հաստատում է շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայման վերաբերյալ համաձայնության կայացման փաստը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որ Երևանում բանակցեց Սերժ Սարգսյանի հետ, արձանագրեց, որ «Մոսկվան ողջունում է Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը և երկխոսության պահպանման ուղղությամբ՝ Մինսկի խմբի ձեռնարկած ջանքերը, որպեսզի հետագայում նման միջադեպեր չլինեն, նկատի ունենալով այն պայմանավորվածությունները, որ պատմականորեն ձեռք են բերվել 1994-1995-ին»: ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որ հեռախոսային խոսակցություններ ունեցավ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ, կողմերին կոչ արեց ոչ միայն պահպանել հրադադարի ռեժիմը, այլև «կատարել ԵԱՀԿ առաքելությունը ընդլայնելու խոստումը և ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմները»:

Սակայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, պաշտոնական այցով Գերմանիայում գտնվելով, իրավիճակը անճանաչելիորեն փոխեց: Նախ՝ նա հայտարարեց, որ «գլխավոր պահանջը (ոչ թե կոչը, այլ պահանջը) Հայաստանի զորքերի անհապաղ և առանց նախապայմանների դուրս բերումն է ադրբեջանական օկուպացված տարածքներից»: Երկրորդ՝ անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտման հետաքննությունների մեխանիզմին՝ նշեց. «Եթե մենք ստորագրենք խաղաղության համաձայնագիր, եթե մենք ստորագրենք համաձայնագիր օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման ժամկետների մասին, այդ ժամանակ մենք կարող ենք մշակել հետաքննության մեխանիզմները»:

Այսինքն՝ նա ամբողջությամբ խեղաթյուրեց Մինսկի համաձայնությունները՝ ինչպես միշտ, սայլը ձիուց առաջ դնելով: Ո՞րն է դիրքորոշումների վերանայման պատճառը, երբ դեռ թանաքը չէր չորացել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ստորագրած ընդհանուր հայտարարության տակ: Ապրիլի 2−5-ի իրադարձությունները Ղարաբաղում ներկայացնելով իբրև «հաղթական պատերազմ» (ներքին օգտագործման համար), Բաքուն ի վիճակի չէ այդ հաղթանակը փոխանցել քաղաքական-դիվանագիտական հարթություն: Ավելին՝ Բաքուն ամեն ինչ արեց, որ կոնսոլիդացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումները, որ կատարվածի իրենց տարբերակն ունեն, իսկ դա Ադրբեջանին զրկում է մանևրի շանսերից: Առաջ Բաքուն ավելի շատ մեղադրում էր Մոսկվային, որ իբր ուներ «Ղարաբաղի բանալիները», հիմա բացահայտ հասկացնում է, որ միջնորդների ձեռնարկած ջանքերը կոնֆլիկտի կարգավորման համար ուղղված են ստատուս քվոյի ամրապնդմանը տարածաշրջանում, թեկուզ այն պատճառով, որ Արևմուտքը չի պնդում ադրբեջանական տարածքների «ազատագրումը»: Վերջապես բուն փաստը, որ շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայման Հայաստանի մեկնաբանությունը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսակետի հետ, ավելի ակնառու է դարձնում Ադրբեջանի փաստարկային ռեսուրսների բացակայությունը, որ Բաքուն օգտագործել ու օգտագործում է բանակցային գործընթացում:

Բաքուն զգուշանում է, որ ռազմաճակատի գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումից հետո կոնֆլիկտի կարգավորման ճանապարհների որոնման միջազգային հանրության ակտիվությունը կնվազի: Այդ պատճառով մշուշոտ է դառնում հունիսի վերջին Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման հեռանկարը: Որոշ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանը հունիսի կեսին «Ֆորմուլա-1»-ը անցկացնելուց հետո, նորից կփորձի սրել իրավիճակը ղարաբաղյան ճակատում: Դե ինչ, երկար սպասելու ժամանակ չի մնացել:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Թոմաս դե Վաալն էլ, որ «Ֆորմուլա-1»-ի մասին չասեր, ի՞նչ էին կանխատեսելու հայտնի ու անհայտ բազում փորձագետները Բաքվի մտադրությունների ու գործողությունների մասին: Ռուսաստանի համար իդեալական տարբերակ է՝ կողքից նայելու ու ձեռքերը շփելու՝ տեսա՞ք, որ դուք էլ ձախողվեցիք, դե վերադարձեք Լավրովի ծրագրին, որ չկա-չկա, բայց կա՝ փաստացի: Ու եթե հրապարակվի, կարող է մասամբ կամ ամբողջությամբ համընկնել Ադրբեջանի դիրքորոշման հետ: Սա՝ մեկ և երկրորդ՝ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները ի՞նչ ՛՛ընդհանուր հայտարարության տակ՛՛ են ստորագրել: Խոսքը վերաբերում է երեք արտգործնախարարների՞ հայտարարությանը՝ Լավրովի, Քերիի ու Դեզիրի, ու պարզ վրիպում է, թե՞ կա անհայտ հայտարարություն, թեկուզ հայտնի բովանդակությամբ: Վերջապես երրորդ՝ ՛՛հետվիեննական սինդրոմը՛՛ ձախողու՞մ է, թե՞ ձեռքբերում: Երևանի համար: Բաքվի համար: Ստեփանակերտի համար: Վաշինգտոնի համար: Մոսկվայի համար: Փարիզի համար: Առանձին-առանձին ու միասին: Երբ լինի այս հարցի ստույգ պատասխանը, կպարզվի նաև կոնֆլիկտի կարգավորման հետագա ընթացքը կամ տեղապտույտի տևողությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ